Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը դեռ չի վերանայվի

4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը դեռ չի վերանայվի
19.03.2015 | 18:56

Հայաստանի կառավարությունը դեռևս մտադիր չէ վերանայել այս տարվա բյուջեով նախատեսված 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Իհարկե, արտաքին ազդեցությունների պատճառով ցնցումներ կան, և դա սպասելի էր, որովհետև մեզ համար ավանդական շուկաներում իրենց արտարժութային շուկայում ու տնտեսական իրավիճակի փոփոխությունները, այնուամենայնիվ, ազդեցություն պետք է ունենային: Բնական է, որ և արտահանման ժամանակավոր նվազում կարող է լինել, և առևտրատնտեսական հարաբերությունների որոշակի դանդաղում, բայց ընթացքը գնում է առավել ճշգրտման այդ շուկաներում»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ ռուսական շուկայում հայ գործարարների ավանդական գործընկերները ոչ թե ասել են, որ հրաժարվում են հայկական արտադրանքից, այլ խնդրել են սպասել, մինչև իրենց մոտ ճշգրտումներ կլինեն: Նա ասաց, որ որոշ չափով նաև Եվրամիության շուկաներում խնդիրներ կան, քանի որ այնտեղ էլ եվրոն է արժեզրկվել: «Բայց կա նաև մեկ այլ գործոն, որը կապված է մետաղների միջազգային գների հետ: Ճիշտ է, կա իջեցում, բայց ընդհանուր կանխատեսումներն այդքան էլ հոռետեսական չեն տարվա կտրվածքով: Դրա համար այս պահին տնտեսական աճի կանխատեսումն իջեցնելու նախաձեռնություն չկա: Կա վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողով, որը և կարճաժամկետ, և երկարաժամկետ հատվածի համար քննարկում է և արժութային, և տնտեսական հարաբերությունների հարցերը, և այն միջոցառումներն ու գործողությունները, որոնք կառավարությունը պետք է իրականացնի՝ կանխարգելելու հետագա խորացումը կամ առավել վատթար իրավիճակի ստեղծումը»,- նշեց նա:
Հարցին, թե կառավարությունը ե՞րբ կանդրադառնա տնտեսական աճի ցուցանիշի վերանայման հարցին, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ կառավարությունն այսօր այդքան խոր հոռետեսության հիմքեր չունի: Հայ տնտեսավարողներն իրենց ռուս գործընկերների հետ, ըստ նախարարի, արդեն սկսել են կնքել նոր պայմանագրեր: «Ինքը ժամանակ պահանջող գործընթաց է, և կարծում եմ, որ մեկ-երկու ամսվա ընթացքում լրիվ հստակություն կմտնի»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Կենտրոնական բանկն այս տարվա համար շատ ցածր տնտեսական աճ է կանխատեսում՝ 0,4-2 տոկոսի սահմաններում, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, որ ԿԲ-ն ելնում է ընդհանուր ազդեցությունների մակարդակից: «Ես չէի ուզենա մեկնաբանել, մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները մեր նախարարության իրավասությունների մեջ չեն մտնում: Ես ըստ ճյուղերի կարող եմ ասել, որ, օրինակ, մշակվող արդյունաբերությունում զուտ արտադրության ծավալներով այդքան անկում չկա, անկումներ չկան նույնիսկ շինարարության ոլորտում: Այսինքն՝ արտադրության ծավալների ամսով այդպիսի հոռետեսական մոտեցումներ չկան»,- ասաց Ճշմարիտյանը:
Նա պատասխանեց նաև հարցին, թե ռուսական կողմի հետ գազի գնի վերաբերյալ բանակցություններն ավարտվե՞լ են՝ նշելով, որ հենց ավարտվեն, էներգետիկայի նախարարն այդ մասին կխոսի:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ